ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ
Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակներում 2011 թ. սեպտեմբերի 20-ին մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց Մատենադարանի գիտական նոր համալիրը, որի անհրաժեշտությունն արդեն հրատապ էր։ Մինչ այս Մատենադարանի բոլոր բաժինները՝ ցուցասրահը, ընթերցասրահը, գրապահոցները զբաղեցնում էին ընդամենը 3300 քառակուսի մետր տարածք՝ կոթողային շենքում, այստեղ էին նաև աշխատում գիտական բաժիններն ու խմբերը։ Տարածքը չէր բավարարում Մատենադարանի նոր ձեռքբերումները ցուցադրելու համար։ Ուստի նոր համալիրի կառուցումը հրատապ անհրաժեշտություն էր։ 2009թ. վերսկսում են դեռևս 1987-1988 թթ. սկսված և երկրաշարժի պատճառով ընդհատված նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները, որոնք ավարտվում են երկու տարի անց։
Նոր շինության կառուցման համար անհրաժեշտ ֆիանանսական միջոցներ են տրամադրում բարերարներ՝ ռուսական «Մոնարխ» շինարարական կոնցեռնի տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Համբարձումյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադիր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ինչպես նաև Գաբրիել Չեմպերճյանը, Մակար Նահապետյանը, Սամուել Երջանիկյանը։ Ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծած նոր կառույցը, որը մոտ չորս անգամ մեծ է հին շենքից՝ 12000 քառակուսի մետր, լիարժեքորեն համապատասխանում է արխիվային և թանգարանային արդիական պահանջներին։ Մասնաշենքը կատարյալ պայմաններ է ապահովում գիտաշխատողների համար՝ առանձին աշխատասենյակներ, նորագույն տեխնոլոգիաներ, թվայնացված ձեռագրերի սպասարկում: Գիտական համալիրում էլեկտրոնային տարբերակով կարելի է ծանոթանալ ձեռագրերին և թերթել դրանք:
Նորակառույց հսկա համալիրը նույն քարից է, ինչ Մատենադարանի կոթողային շենքը՝ Սիսիանի մոխրագույն բազալտից։ Ի սկզբանե խնդիր է դրվել, որ նորակառույց համալիրի ամենաբարձր կետը հավասար լինի գոյություն ունեցող գլխավոր մասնաշենքի քիվի նիշին։ Մաշտոցի պողոտայի կողմից տեսադաշտում շարունակում է գերիշխող լինել Մատենադարանի հիմնական գործող շենքը։ Նորակառույցի ներսում ևս, նորագույն լուծումներին զուգահեռ, պահպանվել են նաև հայկական ճարտարապետությանը բնորոշ առանձնահատկությունները։ Շինության ներսում միջանցքների անցուղիներին տրվել են կամարաձև լուծումներ, տեղադրվել են զարդանախշերով սյուներ։ Ներքին հարդարման աշխատանքների համար օգտագործվել է մարմար ու տրավերտին։ Նորակառույց գիտական համալիրում են անվտանգության, ջերմախոնավային կայուն ռեժիմի պահպանման, հակահրդեհային համակարգերով ապահովված բունկերային տիպի պահոցները։
Գիտական համալիրի առաջին հարկում է գտնվում գրադարանը, երկրորդում՝ ձեռագրապահոցն է՝ առանձին ընթերցասրահով, վերականգնողական բաժինը, մանրանկարիչների աշխատասենյակները և համակարգչային բաժինը, երրորդ հարկում ավելի քան 200 տեղանոց դահլիճն է՝ ապահովված տեսահամակարգով և միաժամանակյա թարգմանության համար նախատեսված խցիկներով։ Այս հարկում են արխիվը, ինչպես նաև վարչական կառավարման բաժինը և նոր համալիրը հին՝ կոթողային շենքին կապող մասնահատվածը։ Չորրոդ հարկում են գտնվում Մատենադարանի հիմնադիր տնօրեն՝ Լևոն Խաչիկյանի անունը կրող ընթերցասրահը, թվայնացման և կայքէջի սպասարկման բաժինը, ինչպես նաև ժամանակավոր ցուցադրությունների համար նախատեսված ցուցասրահը։

Այցելություն Մատենադարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s