Նովռուզ

Նովռուզի ընթացքում Իրանում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի (որի հիմնական մասը փոխառված է արաբական այբուբենից) 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքը։ Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածիլ կանաչի (սաբզե), որը վերածննդի, նոր կյանք սկսելու խորհրդանիշն է: Այն դնում են սեղանին՝ հավատալով, որ եկող տարի առատության տարի կլինի:
Ածիկը (սամանու) ուժի և հզորության նշանն է: Այն պարտադիր տան տղամարդն է պատրասում: Այն նաև առատության և համբերության խորհրդանիշն է համարվում: Փշատը (սենջեդ) մտածված գործելու, ճիշտ քայլեր կատարելու խորհրդանիշն է համարվում: Այն դնում են սեղանին՝ հավատալով, որ գալիք տարում նրանց հաջողությունը միշտ ուղեկից կլինի: Սխտորը (սիր), ինչպես գիտենք, հայտնի է իր բուժիչ հատկությամբ: Այն դնում են սեղանին՝ իրենց երկրի սահմանները թշնամիների հարձակումներից պաշտպանելու նպատակով: Խնձորը (սիբ) գեղեցկության և առողջության խորհրդանիշն է: Այն սեղանին են դնում, որ ընտանիքից հեռու լինեն անհաջողությունները: Այն պարտադիր տան մեծ անդամներն են դնում սեղանին:
Աղտորը կամ սումախը (սոմաղ)համբերության և դիմակայության խորհրդանիշն է: Այն նոր կյանքի սկիզբն է համարվում: Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են քացախ, հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ (հիացինտներ), ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։ Իրանում նաև գոյություն ունի Հաջի Ֆիրուզի ավանդութը, ըստ որի մի տղամարդ սևացնում է երեսն ու ձեռքերը, կարմիր հագուստ հագնում կարմիր գլխարկով, և փողոցներում իր հետ դափ կամ դահիրա է ման ածում և հետը երգում, ասմունքում ու պարում՝ մարդկանց իր հետ երգեցնելով և ծիծաղեցնելով։ Նոռուզի ժամանակ նաև հարազատները այցելում են միմյանց և մեծերը երեխաներին դրամ են նվիրում։